ՖԱՍՈՒԼԱՃՅԱՆ, Ֆասուլյաճյան, դերասաններ, թատերական գործիչներ:

Թովմաս Պետրոսի Ֆասուլաճյան (25.7.1843. Կ. Պոլիս - 22.9.1901, Ալեքսանդրիա):Թովմաս Ֆասուլաճյան Սովորել է Կ. Պոլսի Նոր թաղի և Գումգափուի վարժարաններում: Հանդես է եկել Արևելյան թատրոնում, առավել աչքի ընկել Վասպուրական թատրոնում: 1864-ից՝ կնոջ՝ Պայծառ Ֆասուլաճյանի հետ շրջագայել է Տրապիզոնում, Թիֆլիսում, Մոզդոկում, Ղզլարում, Աստրախանում: 1869-71-ին թատերախումբ է ղեկավարել Նոր Նախիջևանում, 1872-77-ին՝ Վարդովյան թատրոնի դերասան և ռեժիսոր: Դերերից են՝ Դակոբեր (Է. Սյուի «Թափառական հրեան»), Թրիբուլե (Հյուգոյի «Արքան զվարճանում է») ևն: 1880-ական թթ. մեծ համբավի է արժանացել Բրուսայում՝ հիմնականում թուրքական ներկայացումներով և Մոլիերի կատակերգությունների բեմադրություններով, խաղացել Տարտյուֆի («Տարտյուֆ»), Դոն Ժուանի («Դոն Ժուան») դերերը: 1893-ից գործել է Բուլղարիայում, Ռումինիայում: Գրել է պիեսներ («Երկու քաղցածներ»«Սևի տեղ սպիտակ»«Տայի Միրիկ Անդենը» ևն):

Պայծառ Երեմիայի Ֆասուլաճյան (Փափազյան, 1845, Կ. Պոլիս - 18.7.1920, Կ. Պոլիս), դերասանուհի: Բեմելը՝ 1861-ին,Վասպուրական թատրոնում: Դերերից են՝ Սանդուխտ (Թերզյանի «Սանդուխտ կույս»), Լուկրեցիա (Հյուգոյի «Լուկրեցիա Բորջա»), Ժակլին, էլիզ (Մոլիերի «Ակամա բժիշկ»«Ագահը»), Շուշան, Էփեմիա (Սունդուկյանի «Պեպո») ևն: Ամուսնու հետ շրջագայել է Թուրքիայում, Կովկասում, 1880-ական թթ. Վ. Ֆելեկյանի և Գ. Աբրահամյանի հետ՝ Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Աստրախանում, 1890- 1900-ական թթ. Տ. Գալեմճյանի հետ՝ Բուլղարիայում, 1872-77-ին խաղացել է Վարդովյան թատրոնում: Հեղինակ է «Միջնորդ կինը» պիեսի:

Աղբյուրը՝ «Ով  ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 691:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am