ՉՈՒԽԱՃՅԱՆ (Չուխաջյան, Չուհաճյան) Տիգրան Գնորդի (1837, Կ. Պոլիս ֊ 23.3.1898, Զմյուռնիա), կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հայկական Տիգրան Չուխաճյանօպերային արվեստի հիմնադիրը: Չուխաճյանը նպաստել է Արևելքի և Արևմուտքի երաժշտական արվեստների մերձեցմանը՝ եվրոպական դասական ձևերը ներհյուսելով արլ. երաժշտության ելևէջային-կշռույթային ինքնատիպ կերտվածքի հետ: Չուխաճյանը աշակերտել է Գ. Երանյանին և պոլսաբնակ իտալացի մանկավարժ Չ. Մանձոնիին: Երիտասարդ տարիներին Չուխաճյանը կապեր է հաստատել հայկական թատերական աշխարհի հետ, գրել հայրենասիրական երգեր ներկայացումների համար, ղեկավարել Խասգյուղի թատրոնի«Լեբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետի պարտիտուրայի տպագիր տարբերակը  (19-րդ դ.): երաժշտական մասը, մասնակցել «Քնար հայկական» ընկերության աշխատանքներին: 1861-64-ին կատարելագործվել է Միլանում: 1864-ից Կ Պոլսում զբաղվել է մանկավարժությամբ, ղեկավարել սիմֆոնիկ համերգներ, երաժշտություն գրել Արևելյան թատրոնի, Վարդովյան թատրոնի ներկայացումների համար (Պ. Դուրյանի «Վարդ և Շուշան», Տ. Գալեմճյանի «Արա Գեղեցիկ կամ Սեր և հայրենիք», Թ. Թերզյանի «Սանդուխտ», Ա. Թղլյանի «Մեծն Տրդատ» ևն): Ուշագրավ են նրա ազատասիրական երգերն ու երաժշտությունը՝ գրված Ռ. Սետեֆճյանի «Վարդան Մամիկոնյան փրկիչ հայրենյաց» դրամայի համար, որի կատարումը (1867) վերածվել է քաղաքական ցույցի: Չուխաճյանի «Արշակ Բ» (1868, լիբրետոն՝ Թ. Թերզյանի, հայերեն և իտալերեն) հայկական առաջին պատմառոմանտիկ. օպերան է, որի հայոց պատմության IV դ. դրամատիկ, դրվագներն արձագանքում էին ժամանակակից հայ իրականության ազգային և սոցիալական ազատագրության իղձերին: Կատարվել է օպերայի միայն նախերգանքը, բեմադրությունը հետաձգվել է Օսմանյան կայսրության վարած «Արշակ Բ» օպերայի նախանվագի դաշնամուրային տարբերակը (Կ. Պոլիս, 1900 թ.):քաղաքականության պատճառով: 1870-ական թթ. Չուխաճյանը ստիպված փոխել է իր ստեղծագործության ուղղվածությունը, գրել է երաժշտական կատակերգություններ՝ քողարկելով սոցիալ-քաղաքական տարրերը, առաջին գիծ մղել կենցաղային պատկերներ, երգիծական, զավեշտալի բեմավիճակներ, քնարական ապրումներ [«Արիֆի խարդախությունը» (1872), «Քեոսե Քեհյա» (1874), «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1876) ևն): Ե.Մելիքյանի, Հ. Վարդովյանի և Ա. Պենկլյանի երաժշտաթատերական խմբերի համագործակցությամբ ստեղծված այդ ներկայացումներով (նախ՝ թուրք.) Չուխաճյանը հռչակվել է ողջ Թուրքիայում ու նրա սահմաններից դուրս,Հատված «Արշակ Բ» օպերայի պարտիտուրայից դրանք բեմադրվել նաև Եգիպտոսում, Անդրկովկասում, Հունաստանում և այլ երկրներում՝ թուրքերեն, հայերեն, հունարեն լեզուներով: 1880-ական թթ. վերջին Չուխաճյանն ավարտել է արաբական հեքիաթի հիման վրա գրված «Զեմիրե» օպերա-կախարդապատկերը (բեմ. Կ.Պոլիս. 1891-ին՝ ֆրանս., 1894-ին՝ իտալական խմբերի կատարմամբ): 1896-ին Չուխաճյանը տեղափոխվել է Զմյուռնիա: Ըստ մամուլի՝ 1897-ին նա ավարտել է «Ինդիանա» օպերան ու սկսել երաժշտաթատերական նոր գործ, որն անավարտ է մնացել անժամանակ մահվան պատճառով: Չուխաճյանը հեղինակ է նաև սիմֆոնիկ, կամերագործիքային և վոկալ երկերի (այդ թվում՝ հայտնի «Գարուն» ռոմանսը): Չուխաճյանը նոր շրջանի հայկական երաժշտության մեծերից է, նրա հատկապես օպերային ստեղծագործությունը դարակազմիկ նշանակություն է ունեցել ինչպես ազգային, այնպես էլ ընդհանուր արլ. արվեստի զարգացման համար:

Չուխաճյանի անունով է կոչվել Երևանի № 7 երաժշտական դպրոցը (բակում կանգնեցվել է նաև հուշարձանը, 1970, քանդ.՝ Արշամ Շահինյան):
 
Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  298:

Տես նաև՝

Փափազյան Հ., Տիգրան Չուխաճեան: Կեանքը և գործը, Ստամբուլ, 1975:

Թահմիզյան Ն., Տիգրան Չուխաճեան, Կեանքը և ստեղծագործութիւնը, Փասադենա, 1999:

Թեյմուրազյան Ն.. Սեմյոնովա Զ.. Տիգրան Չուխաջյան, Մատենագիտություն, Ե., 1964:




ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am