ՉՈՒԳԱՍԶՅԱՆ Լիլի Վահանի (ծ. 1920, Չիկագո - 09.04.2012), երգչուհի (կոնտրալտո): Ձայնը մշակել է Ֆիլիպ Մանուելի մոտ: Երգել է հայկական եկեղեցիներում: 1959-ին հանդես է եկել Լիթլ Ռոքի (ԱՄՆ-ի Արկանզասի նահանգ) օպերային թատրոնում, ապա համերգներով՝ Չիկագոյում, Նյու Յորքում: 1961-ին հրավիրվել է երգելու Սպոլետոյի (Իտալիա) փառատոնում: 1962-ից՝ Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի: Դերերգերից են՝ Նորմա (Բելլինիի «Նորմա»), Ամներիս, Ազուչենա (Վերդիի «Աիդա», «Տրուբադուր»), Ֆլորա (Սենոտիի «Մեդիում») ևն: Ելույթներ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի և նշանավոր դիրիժորների հետ (Հ. ֆոն Կարայան, Լ. Ստոկովսկի, Լ. Բեռնստայն և ուր.), կատարել կոնտրալտոյի երգամասեր Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Վերդիի, Հենդելի, Մահլերի, Շյոնբերգի, Ս. Պրոկոֆևի և այլոց վոկալ-սիմֆոնիկ տարբեր բնույթի ու ոճերի երկերում, համերգներում հաճախ է հնչեցրել հայկական երգեր, հատկապես «Կռունկը»: 1967-ին հանդես է եկել Երևանում՝ Փառանձեմի (Չուխաճյանի «Արշակ Բ»), Ամներիսի դերերգերով, համերգներով: 1978-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, երգել է հայերեն: Չուգասզյանն օժտված էր  բացառիկ ձայնածավալի բազմերանգ և հարուստ ձայնով, բեմական ինքնատիպ ձիրքով:

ՀՀ մշակույթի նախարարության Պետրոս Ադամյանի անվ. մրցանակ (1981):
 
 
Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ  297:

Տես նաև՝

Բրուտյան Ց., Հայ երաժշտական մշակոյթի աշխարհասփիւռ ընձիւղները, Ե., 1996, էջ 364-376:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am