ՉՄՇԿՅԱՆ Գևորգ Հարությունի [7(19) 3.1837, Թիֆլիս - 28 12.1915, Պետրոգրադ], դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից և առաջատարը: Ս. Չմշկյանի ամուսինը: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1847-50), ավարտել Ռուսական հողաչափական ուսումնարանը (1854): Բեմելը՝ 1863-ին, Թիֆլիսում: 1863-77-ին Չմշկյանը  պայքարել է գեղարվեստական բարձրարժեք խաղացանկի, ռեալիստական ուղղության և բեմը արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար, համագործակցել Գ. Սունդուկյանի հետ, դարձել նրա պիեսների առաջին բեմադրողն ու գլխավոր դերակատարը: Նա առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, թատերական գործունեությունԳևորգ Չմշկյանը Պեպոյի դերում (Գ. Սունդուկյան «Պեպո»): ծավալել արևելահայ գավառներում: Չմշկյանն  աջակցել է «Մշակ» թերթի հիմնադրմանը: Հեղինակ է քննադատական-տեսական հոդվածների, թարգմանությունների (Շեքսպիրի «Թիմոն Աթենացի», «Օթելլո», Հյուգոյի «Անջելո» ևն): Լավագույն դերերից են՝ Վարդան (Հ. Կարենյանի «Վարդան Մամիկոնյան կամ Վարդանանց պատերազմ»), Մասիսյան, Պեպո, Օսեփ (Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Քանդած օջախ»), Վիխորև (Ա. Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր»), Պետրուչչո, Շայլոկ (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ») ևն, որոնց բնորոշ էին կերպարի բնութագրական գծերի ճշմարտացի անձնավորումը, տիպական հատկանիշների հստակությունը, բարոյագաղափարական դիրքի որոշակիությունը:

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 291:

Տես նաև՝
Իմ հիշատակարանը (տեքստը պատրաստել ն ծանոթագրել է Ս. Մելիքսեթյանը), Ե., 1953:

Հարությունյան Ս. Գևորգ Չմշկյան. Ե.. 1960:


 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am