ՉԻՍԼՅԱՆ (Չիսլիև) Դավիթ Գևորգի [22.9(4. 10). 1879, Նոր Նախիջևան (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով ք-ի շրջագծում) - 2.1.1970, Մոսկվա, թաղված է հայկական գերեզմանատանը), ճարտարապետ: Ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը (1909): 1912-ից՝ Թիֆլիսի քաղաքային վարչության գլխավոր ճարտարապետ, 1921-26-ին՝ Թիֆլիսի պետկառույցների կոմիտեի փոխտնօրեն, 1926-34-ին՝ Լենինականի վերականգնման արվեստանոցի գլխավոր ճարտարապետ, 1934-41-ին՝ Սոչի-Մացեստա ճարտարապետական խմբի գլխավոր ճարտարապետ և փոխտնօրեն: 1932-ից բնակվել է Մոսկվայում. ավարտին է հասցրել դեռևս 1908-ին սկսած հունական հինգ օրդերների աղյուսակի և այլ նյութերի ամփոփումը: Չիսլյանի նախագծերով Թիֆլիսում կառուցվել են բնակելի տներ (1918, 1922), դպրոցներ, «Քաղաքային խմբակի» («Կրուժոկ») եռահարկ ակումբը (1914, այժմ՝ Սպայի տուն), «Զարյա Վոստոկա» (ռուս.) թերթի խմբագրատունը (մրցույթային նախագիծ, 1927, առաջին մրց ՝ 1930) են: Լենինականում կազմել է քաղաքի կենտրոնի մանրամասն հատակագիծը (1926), կառուցել փորձն, երկրաշարժակայուն եռահարկ վեց շենք (բոլորը 1988-ի երկրաշարժի ժամանակ մնացել են կանգուն), 1926-34-ին մասնակցել է Մայիսյան ապստամբության հրապարակի, մի քանի փողոցների կառուցապատմանը, նախագծել և կառուցել է «Շիրակ» եռահարկ հյուրանոցը (1928), պետբանկի շենքը, Սոչիում՝ «Բելվեդեր» ռեստորանը, Մոսկվայի Գոգոլյան պուրակում՝ Արթիկի վարդագույն տուֆից յոթհարկանի բնակելի տուն (1935): Արթիկում հայտնաբերել է վարդագույն, կարմիր և մանուշակագույն տուֆերի մեծ հանքաշերտեր, կազմակերպել խոշոր քարհանք և տուֆի արդյունաբերական արտադրությունը: Հեղինակ է «Արթիկի տուֆի շինարարական լավաները» գրքի (ռուս.):

Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան,  հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 289-290:

Տես նաև՝
Տիգրանյան Է. Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. XIX դարի վերջ - XX դարի սկիզբ. Ե. 2000, էջ 187-197:


 
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am