Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Բնագիտական գիտությունները (XIX դար-XX դարի սկիզբ)

 Բնական գիտությունները (XIX դար- XX դարի սկիզբ): Ականավոր երկրաբան, հանքաբան և բյուրեղաքիմիկոս Անդրեաս Արձրունին, որ նշանավոր հրապարակախոս Գրիգոր Արծրունու եղբայրն էր, սերտորեն կապված էր հայ իրականության հետ, երազում էր աշխատել Հայրենիքում: Իր գիտական գործունեության ընթացքում նա զբաղվել է Կովկասի և Ուրալի օգտակար հանածոների հանքավայրերի ուսումնասիրությամբ, գիտական արշավախմբերի կազմում եղել է աշխարհի տարբեր երկրներում: Նրան հատկապես հետաքրքրել է Կովկասի բնական հարստությունների օգտագործման խնդիրը: Նա եղել է նաև Թիֆլիսի Կովկասյան թանգարանի երկրաբանական-հանքարանական բաժնի հիմնադիրը: Անդրեաս Արծրունու գիտական գործունեությունր ծավալվել է հիմնականում Գերմանիայում՝ Բեռլինի, Ստրասբուրգի, Բրեսլաուի գիտական հիմնարկներում: Կյանքի վերջին մեկուկես տասնամյակում նա դասախոսում էր Աախենի պոլիտեխնիկական ինստիտուտում:

Ջակոմո (Հակոբ) Չամչյանը հայտնի քիմիկոս էր, Պադուայի և Բոլոնիայի համալսարանների պրոֆեսոր: Նրա շուրջ 400 գիտական աշխատություններում արծարծված են ֆիզիկական, օրգանական և կենսաբանական քիմիայի հարցեր: Քիմիական գիտության մեջ հայտնի «Չամչյանի ռեակցիան» և «Չամչյանի վերախմբավորումը» իրենց անվանումը ստացել են ի պատիվ հայ գիտնականի: Չամչյանր հանդես է եկել որպես Իտալիայի ներկայացուցիչ  բազմաթիվ գիտական համաժողովներում, եղել է իտալական սենատի անդամ; Նրա մահից հետո Բոլոնիայի քիմիական ինստիտուտը կոչվում է «Ջակոմո Չամչյանի անվան քիմիական ինստիտուտ»:

Ականավոր հայ քիմիկոս էր Հարություն Աբելյանցը, որը Ներսիսյան դպրոցի շրջանավարտ էր, իսկ բարձրագույն կրթությունը ստացել էր գերմանական ու շվեյցարական համալսարաններում: Շուրջ քառասուն տարի նա պաշտոնավարել ու դասավանդել է Ցյուրիխի (Շվեյցարիա) կանտոնալ համալսարանում:

Ֆիզիկայի բնագավառում կարևորագույն հայտնագործության հեղինակ դարձավ Հովհաննես Ադամյանը, որի անվան հետ է կապված եռագույն հեռուստատեսության համակարգի ստեղծումը: Նրա հայտնագործությունը բարձր գնահատականի է արժանացել գիտական աշխարհում և այժմ էլ պահպանել է իր նշանակությունը:

XIX դ. կեսերից որոշակի առաջընթաց է գիտվում աստղագիտության բնագավառում: Այս առումով կարևոր դեր է կատարում մինչ այդ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հիմնադրված աստղադիտարանը:

Նկատելի աշխուժություն են ապրում հարուստ ավանդույթներ ունեցող բժշկագիտությունը և կենսաբանությունը: XIX դ. ընթացքում կենսաբանությանը վերաբերող աշխատություններ հրատարակեցին Վիեննայի և Վենետիկի Մխիթարյաննևրը, դարվինիզմի սկզբունքների մասին առանձին գրքով Կ. Պոլսում հանդես եկավ Նազարեթ Տաղավարյանը: XIX դ. վերջին-ХХ դ. սկղբին Ս. Պետերբուրգում մեծ հեղինակություն է վայելում կենսաբան Վարդան Վարդանովը, որը սերտորեն կապված էր հայկական շրջանների Հետ: Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայում, ռուս նշանավոր գիտնական Իվան Պավլովի ղեկավարությամբ, նույն ժամանակահատվածում սկսվեց կենսաբանության բնագավառի ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Լևոն Օրբելու գործունեությունը:

Արդեն մինչև Արևեքյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հայաբնակ վայրերում աշխատում էին համալսարանական կրթությամբ հայ բժիշկներ, որոնք իրենց ուսումը ստացել էին Ռուսաստանում: Հայ բժշկության աչքի ընկնող ներկայացուցիչներից Մարգար Առուստամյանը համառուսական ճանաչման արժանացավ 1892 թ.՝ անձնազոհ գործունեություն ծավալելով Աստրախան քաղաքում խոլերայի համաճարակի դեմ: Այնուհետև նա հակաժանտախտային պայքար կազմակերպեց Միջին Ասիայում, հանդես եկավ բժշկագիտական արժեքավոր հետազոտությամբ: XIX դ. - XX գ. սկզբին առաջընթաց քայլեր են կատարվում նաև արևմտահայ բժշկագիտության ասպարեզում:

 

                                                                                           Մարգարյան Հ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am