Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Բնագիտական գիտությունները XVII-XVIII դարերում

 Բնագիտական գիտությունները XVII-XVIII դարերում: Այս ժամանակահատվածում հայ ուսումնականները հաղորդակից դարձան նաև եվրոպական գիտական մտքին, թարգմանեցին մի շարք բնագիտական երկեր, շարադրեցին ինքնուրույն աշխատություններ: Այդպիսին էր, օրինակ, մաթեմատիկայի և աստղաբաշխության ասպարեզներում: Դարավերջին, հենվելով եվրոպական գիտության նվաճումների վրա, Իսահակ Ջուղայեցին շարադրում է ցերեկվա և գիշերվա ժամերի տևողության մասին մի աշխատություն: Ղուկաս Վանանդեցու հսկողությամբ 1695 թ. Ամստերդամում հրատարակվում է «Համատարած աշխարհագրություն» հայտնի քարտեզը: Նա նաև արժեքավոր աշխատանքներ է կատարում աշխարհագրական և աստղաբաշխական տերմինաբանության հայացման ուղղությամբ: Հայ ալքիմիկոսների գործնական աշխատանքների ընթացքում բացահայտվեցին զանազան նյութերի մինչ այդ անծանոթ հատկություններ, հայտնագործվեցին ներկեր, թանաքներ, օծանելիքներ ստանալու կատարելագործված եղանակներ: XVIII դ. վերջին Մխիթարյան միաբաններից Սուքիաս Աղամալյանցը և Սահակ Պրոնյանը հրատարակում են թվաբանության և երկրաչափության ձեռնարկներ, լույս է տեսնում Պետրոս Քալանթարյանի բժշկագիտական աշխատությունբ, իսկ բժիշկ և բնագետ Ստեփանոս Շահրիմանյանը ձեռնարկում է իր «Տնկաբանութիւն կամ փղորայ (ֆլորա - Հ. Մ.) Հայաստանի» գիտական ծանրակշիռ հետազոտությունը՝ այդ աշխատանքը շարունակելով հաջորդ դարի առաջին տասնամյակների ընթացքում: Այսպիսով, հայ գիտնականներր ստեղծում էին ժամանակի գիտության պահանջներին համապատասխանող արժեքներ:

 

                                                               Մարգարյան Հ.

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am