ԱԶՆԱՎՈՒՐ ՇԱՌԼ. Ազնավուրյան Վաղինակ Միքայելի, ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան: Հայաստանի Ազգային հերոս (2004): Իր առաջին երգը՝ «Ես հարբած եմ», ստեղծել է 1944-ին: 1946-ին հանրահայտ երգչուհի էդիթ Պիաֆի հովանավորությամբ համերգներով շրջագայել է «Կոմպանիոն դը լա շանսոն» խմբի հետ, գրել երգեր էդիթ Պիաֆի, ժ. Բեկոյի և այլոց համար: 1959-ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո արժանացել է համընդհանուր ճանաչման: Համերգներով հանդես է եկել նաև Երևանում (1964, 1996): Գրել է հազարից ավելի երգեր. «Սիրո թմբուկները», «Մամա», «Սա է վերջը», «Ալելուիա», «Երկու կիթառ», «Եվ սակայն», «Քաղաքը», «Պետք է գիտենալ» և այլն: Ազնավուրը նկարահանվել է «Գլուխը՝ պատը», «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ» և այլ ֆիլմերում: 1988-ից ավելի քան 10 անգամ եղել է Հայաստանում: Փարիզում կազմակերպել է Սպիտակի երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդը, գրել «Քեզ համար, Հայաստան» (Ժորժ Կառվարենցի հետ) երգը, այցելել աղետի գոտի: 1993-ին Երևանում բացվել է «Ազնավուրը Հայաստանին» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը:

ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան (1995-ից): ՅՈՒՆԵԱԿՕ-ի մշտական պատվիրակ ՀՀ-ում (1989-ից): Արժանացել է Ֆրանսիայի «Ֆրանսիական երգի պատվո ժապավեններ», «Ֆրանսիայի լավագույն դերասան», 1987-ին «Վտարանդիներ» երգի համար՝ Բեռնար Լեթաշի անվան մրցանակների, Պատվո լեգեոնի շքանշանի (1997), «Վաստակ և անձնվիրություն հանուն Ֆրանսիայի» կազմակերպության Մեծ ոսկե մեդալի (1995), Լեոպոլդ 11-ի Ազնաուրյան (2004, Բելգիա), ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1998), Հայրենիք (2004) շքանշանների: Ազնավուրի անունով են կոչվել հրապարակներ Երևանում և Գյումրիում (տեղադրված է նաև Ազնավուրի արձանը, քանդակագործ՝ Ա. Պետրոսյան, 2000): Ազնավուրի մոմե արձանը 2004-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում:

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007: 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am