ԱՇՈՒՂԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ, ժողովրդական երգիչ-բանաստեղծների՝ աշուղների պոեզիան, սկզբնավորվել է XVI դ.: Նախապես բանավոր լինելով՝ սերտորեն առնչվել է բանահյուսությանը: Հայ աշուղներ հանդես են եկել դեռևս XVI դ. կեսին, սակայն աշուղական պոեզիան հայ իրականության մեջ լայն տարածում ու ճանաչում է գտել միայն հաջորդ դարում: պատմաքաղաքական հանգամանքների բերումով աշուղական պոեզիան սկզբնավորվել է ոչ թե բուն Հայաստանում, այլ գաղթավայրերում (Նոր Ջուղա, Թիֆլիս, Աստրախան, Կ. Պոլիս ևն): XVII— ՚XVIII դդ. Նոր Ջուղայի աշուղները (Էգազ, Ղուլ Արզունի, Բադեր Օղլի Ղազար, Ամիր Օղլի, Ղուլ Հարություն Սալմաստցի և ուր.) հիմնադրել են իրանահայ աշուղական դպրոցը: XVIII դ. կազմավորվել է վիրահայ աշուղական դպրոցը, որի նշանավոր ներկայացուցիչները՝ Շամչի Մելքոն, Սայաթ-Նովան, Բուդաղ Օղլանը, Քիչիկ Նովան, Ֆրեյդունը և ուր., հիմնականում ապրել և ստեղծագործել են Թիֆլիսում:Սայաթ-Նովա Աշուղական դպրոցներ ստեղծվել են նաև Թուրքիայում (XVII — XVIII դդ.), Հս. Կովկասում, Գանձակում և Բաքվում (XIX դ.): Հայ թափառական աշուղներն իրենց երգերը հորինել են ժողովրդի խոսակցական լեզվով, հաճախ էլ՝ թուրքական, պարսկական, վրացական են: XIX դ. 50—60-ական թթ. Աշուղական պոեզիան լայն տարածում է գտել նաև Երևանում, Ալեքսանդրապոլում, Սյունիքի և Արարատյան գավառներում, հանդես են եկել աշուղներ, որոնց ստեղծագործության մեջ գերակշռել են հայկական երգերը: XIX դ. վերջին և XX դ. սկզբին հայ նշանավոր աշուղները հորինել են հիմնականում հայերեն: Համախմբվելով՝ նրանք ստեղծել են իսկական բանաստեղծական դպրոցներ. Շիրինի դպրոցը (կենտրոնը՝ Երևան), որի ներկայացուցիչներից էին Ագբար Ադամը, Հավեսին, Մալուլը, Ջահրին, և Նոր դպրոցը (կենտրոնը՝ Ալեքսանդրապոլ), որտեղ Ջիվանու հետ հանդես են եկել Ջամալին, Սազային, Ֆիզահին, Լիսանին, Խայաթը, Պայծառեն, Շերամը: XX դ. աշուղական դպրոցներն արդեն չկային, բայց ժամանակի նշանավոր աշուղները (Մահուբի Գևորգ. Հրկեզ, Հովսեփ, Աշխույժ) շարունակում էին հայ աշուղական պոեզիայի լավագույն ավանդույթները:

Աշուղական պոեզիայում գերակշռողը սիրային երգերն են: Սակայն աշուղներն արձագանքել են նաև ժողովրդին հուզող պատմաքաղաքական իրադարձություններին: Ազատասիրության, հայրենասիրության գաղափարները, լուսավորության հարցերն առաջատար թեմաներ են դարձել XIX դ. աշուղների երգերում: Որոշակի տեղ են գրավում երգիծական երգերը, որոնք ընդգրկում են կենցաղագրական հարուստ նյութեր, ունեն ճանաչողական արժեք, խրատական բնույթ: Խորհրդային տարիներին հանդես են եկել մի շարք շնորհալի աշուղներ (Հավասի. Շահեն, Աշոտ և ուր.), որոնք արտացոլել են ժողովրդի կյանքում տեղի ունեցած հեղափոխական շրջադարձը, շարունակել են Աշուղական պոեզիայի ավանդույթները:


Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 243-244:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am