ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԵՐԳԵՐ աշխատանքի ընթացքում ստեղծվող և նրան ուղեկցող ժողովրդական երգեր: Հայ իրականության մեջ դաշտային աշխատանքային երգերից տարածված են հորովելները, կալերգերր, սայլերգերը, սերմնացանի, քաղհանի, հնձի երգերը: Առտնին աշխատանքի հետ են կապված սանդի, ճախարակի, սանդերքի, խնոցու և այլ երգեր: Սրանց մեծ մասը շատ հին են, պարունակում են անասունների հեթանոսական պաշտամունքի, նաև հմայական աղոթքի տարրեր: Խոսքերում, բուն աշխատանքի անդրադարձումից բացի, հնչում են առօրյա կյանքի, բնության գովքի, ծաղրի, կատակի և այլ մոտիվներ: Եղանակները, աշխատանքի բնույթի հետ կապված, սահուն են կամ ասերգային, ունեն ազատ կամ մոտորային ռիթմ, կառուցիկ կամ ստեղծաբանորեն ազատ ձև:

Սոցիալական-տնտեսական պայմանների փոփոխության, զարգացման հետ, բնականաբար, փոխվում են նաև աշխատանքային երգերի տեսակներն ու թեմաները, տեղի է ունենում երաժշտական արտահայտչամիջոցների նոր ընտրության: Խորհրդային շրջանում հայկական աշխատանքային երգերում երևան են եկել գործարանը, կոլտնտեսական գյուղը, տրակտորն ու կոմբայնը գովերգող մոտիվներ, եղանակներում գերիշխում են առույգ ռիթմերը և ընդհանուր կենսահաստատոդ տրամադրությունը: Ժողովրդական երգերում աշխատանքի թեման ներկայացված է նաև քնարական ժանրի տարբեր երգերում: Այդ թեման արժանի տեղ է գրավել կոմպոզիտորների ստեղծագործություններում (Կոմիտասի «Գութաներգ»«Կալերգ և սայլերգեր» մշակումները, Ա. Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» օպերայի «Հորովելը», Ա. Հարությունյանի «Հայրենիք» կանտատում «Հնգամյակի երգը», Ա. Սաթյանի «Աշխատանքի երգը» ևն):


Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 228:

 

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am