Հանրագիտարան >> Հայ մշակույթի հանրագիտարան >> Արվեստը (XIX դար-XX դարի սկիզբ)

 Արվեստը (XIX դար - XX դարի սկիզբ): Հայ հասարակության կյանքում նշանակալի դեր են ունեցել թատրոնը, երաժշտությունը և նկարչությունը: XIX դ. սկզբներին թատերական ներկայացումներ են կազմակերպվել Կոստանդնուպոլսի, Զմյուռնիայի, Գևորգ ՉմշկյանԹիֆլիսի հայկական դպրոցներում; XIX դ. երկրորդ կեսին առաջին անգամ հանդես են գալիս մշտապես գործող թատերախմբեր, հաճախակի են դաոնում արևելահայ ու արևմտյան դերասանների փոխադարձ հյուրախաղերը: Թիֆլիսի Թամամշյան և Կ. Պոլսի Արևելյան թատրոնները դառնում են դերասանների մի մեծ խմբի ծննդյան ու վարպետության աճի կենտրոններ: 1863 թ. Թիֆլիսում հիմնադրվում է արևելահայ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը, որի երկարամյա ղեկավարը դերասան Գևորգ Չմշկյանն էր: 1868 թ. Կոստանդնուպոլսում թատերախումբ է կազմակերպում Հակոբ Վարդովյանը: Բեմադրվում են ազգային, հայրենասիրական թեմաներով գրված պիեսներ, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Լևոն Շանթի դրամաներն ու կատակերգությունները, համաշխարհային դրամատուրգիայի աչքի ընկնող նմուշներ: Հայ թատերական արվեստի պարծանքը դարձավ շեքսպիրյան հերոսների հանճարեղ դերակատար Պետրոս Ադամյանը: XX գ. սկզրներին հաճախակի եղան թատերական շրջագայությունները, որոնք կազմակերպվում էին Բաքվի և Թիֆլիսի հայկական թատերախմբերի ուժերով Կովկասի և Միջին Ասիայի հայաշատ քաղաքներում: Հովհաննես Աբելյանի և Արմեն ԱրմենյանիՏիգրան Չուխաճյան կազմակերպած թատերախումբը այցելեց նաև Արևմտյան Հայաստան, Կոստանդնուպոլիս և Իրան: 1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո որոշ աշխուժացում դիտվեց նաև արևմտահայ թատերական կյանքում: Հայ բեմի պատմության մեջ իրենց ուրույն հետքը թողեցին ճանաչված դերասաններ Միհրդատ Ամրիկյանը, Մարտիրոս Մնակյանը, Ազնիվ Հրաչյան, Սիրանույշը, ՀովՀաննես Զարիֆյանը և ուրիշներ: Աչքի ընկան նաև ռեժիսորներ Օվի Սևումյանը, Լևոն Քալանթարը, Ամո Խարազյանը:

XIX դ. առաջին կեսին, քանի դեռ տարածում չէր ստացել եվրոպական նոտագրությունը, հայ հոգևոր երաժշտությունը օտար ազդեցություններից զերծ պահելու նպատակով անհրաժեշտություն առաջացավ ստեղծել ազգային երաժշտության առանձնահատկություններին համապատասխանող ձայնագրության նոր համակարգ: Այդ խնդիրը հաջողությամբ լուծեց Համբարձում Լիմոնճյանը, որի աշակերտների ջանքերով հայկական նոտագրության համակարգը կատարելագործվեց և միայն դարավերջին իր տեղը զիջեց եվրոպական նոտագրությանը:

Հովհաննես Այվազովսկի - Բանաստեղծի պսակադրումը Հին Հունաստանում: Հայաստանի ազգային պատկերասրահ:Դարի երկրորդ կեսի հայ երաժշտության ամենախոշոր դեմքը Տիգրան Չուխաջյանն է՝ Հայկական առաջին օպերայի՝ «Արշակ Երկրորդի» (1868) հեղինակը: Երաժշտական կրթություն ստանալով Իտալիայում՝ նա հետագայում լայն գործունեություն ծավալեց Կոստանդնուպոլսում և նոր լիցք հադորդեց հայ երաժշտության զարգացմանը: Չուխաջյանը առաջինն էր, որ հայ երաժշտական արվեստը դրեց պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Հայ ժողովրդական երաժշտության նմուշները հավաքելու, ձայնագրելու և երգեցիկ խմբեր կազմելու ասպարեզում մեծ վաստակ ունի ՝Քրիստափոր Կարա-Մուրզան: Մակար Եկմալյանը մնայուն արժեքներ ստեղծեց հոգևոր երաժշտության բնագավառում; XX դ. սկզբին բուռն գործունեություն ծավալեց հանճարեղ Կոմիտասը, որը տարիներ շարունակ արդյունավետ կերպով զբաղվում էր հայ ժողովրդական և հոգևոր երգերի ձայնագրմամբ, հետազոտությամբ ու ժողովրդականացմամբ: XIX դ. վերջերին ասպարեզ մտան նոր երաժշտական գործիչներ և կոմպոզիտորներ Սպիրիդոն ու Ռոմանոս Մելիքյանները, Գրիգոր Սյունին, Անուշավան Տեր-Ղևոնդյանը և շատ ուրիշներ:

Հայ ազգային օպերայի առաջընթացի ճանապարհին նշանակալի քայլ էր ԱրմենԳևորգ Բաշինջաղյան - Անիի միջնաբերդը: Հայաստանի ազգային պատկերասրահ: Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը 1912 թ. բեմադրվեց Ալեքսանդրապոլում և մեծ ժողովրդականություն ձեռք բերեց: Հայ օպերային երգիչներից մեծ ճանաչում ուներ Նադեժդա Պապայանը, որը կատարում էր նաև Հայկական ժողովրդական երգեր: Գուսանական արվեստի առաջընթացը կապված է Ջիվանու և Շերամի անվան հետ:

XIX դ. առաջին կեսին հանդես են գալիս Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում կրթություն ստացած առաջին պրոֆեսիոնալ հայ նկարիչները: Նրանիցից էր Աղաֆոն Հովնաթանյանը, որը տաղանդավոր նկարիչների գերդաստանի արժանավոր ներկայացուցիչն էր: Նրա եղբայրը՝ Հակոբ Հովնաթանյանը, ժամանակի ամենանշանավոր հայ նկարիչն էր, դիմանկարչության աչքի ընկնող վարպետ: Ստեփանոս Ներսիսյանը հայ նկարչության պատմության մեջ է մտել ամենից առաջ Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի հանրահայտ դիմանկարներով:

Հակոբ Հովնաթանյան - Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը: Հայաստանի ազգային պատկերասրահ:XIX դ. հայ գեղանկարչության ականավոր դեմքերից է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: Թեև նա ծնվել է Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, և ամբողջ կյանքն անցկացրել է Ռուսաստանում, այնուամենայնիվ անխզելիորեն կապված Է մնացել հայ իրականությանը: Պատկերել է նաև Հայաստանի բնաշխարհը, ստեղծել հայկական թեմաներով կտավներ, սերտ հարաբերություններ պահպանել մի շարք հայ գործիչների հետ: XIX դ. վերջերին - XX դ. սկզբներին աչքի ընկան նկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Գևորգ Բաշինջաղյանը, Էմանուել Մահտեսյանր, Ստեփան Աղաջանյանը, Փանոս Թերլեմեզյանը, Սեդրակ Առաքելյանը, Եղիշե Թադևոսյանը: Զգալի հաջողությունների է հասնում նաև հայկական արձանագործությունը: Դիմաքանդակի խոշոր վարպետներ էին Անդրեաս Տեր- Մարուքյանը և Հակոբ Գյուրջյանը:

Որոշակի հաջողությունների են հասնում քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը: Կանոնավոր հատակագծերի հիման վրա կառուցապատվում են Երևանն ու Ալեքսանդրապոլը՝ շինարարական գործունեություն է ծավալվում նաև Կարսում, Գորիսում, Շուշիում: Արևմտահայության կառուցողական շնորհը հիմնականում դրսևորվում է Կոստանդնուպոլսում, Զմյուռնիայում, մասամբ նաև Վանում, Խարբերդում և Արևմտյան Հայաստանի մի շարք քաղաքներում: Կոստանդնուպոլսում շարունակում էին գործել Պալյանների գերդաստանից սերված ճարտարապետները; Արևելահայ ճարտարապետներից հայտնի դեմքեր էին Ալեքսանդր Թամանյանը, Հովհաննես Քաջազնունին, Գաբրիել Տեր-Միքելովը:


                                                                                              Մարգարյան Հ.

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am