ԱՐԱՄՅԱՆ ԹԱՏՐՈՆ, հայ առաջին պրոֆեսիոնալ թատրոն-կրկեսը: Հիմնադրվել է 1846-ին, Կ. Պոլսում, Հ. Գասպարյանի ջանքերով: Արամյան թատրոնը միակն էր Մերձավոր Արևելքում համատեղել էր միջնադարյան սինկրետիզմի և XIX դ. եվրոպական դրամատիկ, թատրոնի առանձնահատկությունները: Թատրոնը ներառել է ազգային կրկեսի ձևերը եվրոպական երանգավորումով և մնջկատակը, բալետը, ինտերմեդիան. Հին կտակարանի թեմաներով միստերիա-մորալիտեի տիպի պիեսները, ժամանակակից վոդևիլներն ու մելոդրամաները, հայ և օտար պատմությաև թեմաներով դրամաները: Արամյան թատրոնը պրոֆեսիոնալ կատարելության է հասել կրկեսային ժանրերում և մրցակցել Կ. Պոլիս այցելող եվրոպական կրկեսների հետ: Առաջատար դերասանները՝ Մ. Բամպուքճյանը, Մ. Գասպարյանը, Ա. Սվաճյանը. Գ. Չիլինկիրյանը (Զեննե Գևորգ), Ա. Մինասյանը, Հ. Պաղտատլյանը. Հ. Հեքիմյանը, Գ. Թերզյանը և ուր., համատեղել են պարը, ակրոբատիկան, ծաղրածույությունը և դրամատիկ. դերասանի վարպետությունը: Թատերախումբն ունեցել է հայ դերասանուհիներ՝ Թագուհի, Անտիկ, Մառի, իտալացի և ֆրանսիացի պարուհիներ, երգչուհիներ, երաժշտախումբ (ղեկ. առաջին հայ կոմպոգիտոր-դիրիժոր Կ. Փափազյան): Արամյան թատրոնը Կ. Պոլսում ունեցել է մշտական շենք: 1849—51-ին հյուրախաղերով այցելել է հայաբնակ քաղաքները' Թիֆլիս (ուր կառուցվել է թատրոնի հատուկ շենք, և ներկայացումները տևել են մեկ թատերաշրջան), Նախիջևան, Թավրիզ և այլուր: Գործել է մինչև 1866-ը: 

 

Աղբյուրը՝ «Հայկական համառոտ հանրագիտարան», հատոր առաջին, գլխ. խմբ. Կ. Խուդավերդյան, Հայկական խորհրդային հանրագիտարանի գլխ. խմբ.,  Երևան, 1990, էջ 333:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am