ԱԲԵՂՅԱՆ Մհեր Մանուկի (13(26).1.1909, Վաղարշապատ - 20.11.1994, Երևան), Ս.Խ.Աբեղյանի որդին, Ս.Մ. Աբեղյանի եղբայրը: ՀԽՍՀ Ժողովրդական նկարիչ (1960): Սովորել է ԵԳԱՏ-ում (1922-27), Մոսկվայի Վխուտեինում (1927-30), Ս. Պետերբուրգի Պրոլետ. կերպարվեստի ինստիտուտում (1930-31): 1937-45-ին դասավանդել է ԵԳՈւ-ում, 1954-59-ին` ԵԳԹԻ-ում: 1939-45, 1967-68-ին` ՀՆՄ վարչության նախագահ:

Աբեղյանի ռեալիստական ինքնատիպ արվեստը ձևավորվել է ազգային գեղանկարչական ավանդույթների, մասնավորապես Մ. Սարյանի արվեստի ազդեցությամբ: Նրա բազմաժանր բնորոշ են էպիկական շունչը, վառ գունային և լուսային հագեցածությունը («Աշունը Երևանում», 1942, «Նատյուրմորտ հին հայկական մայոլիկայով», 1956, «Բնանկար V դ. հուշարձանով», 1965, երկուսն էլ` ՀԱՊ): Աբեղյանի թեմատիկ ու դիմանկարչական կտավներից են` «Ամառ» (1959, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Հայաստան» (1975, եռապատկեր), «Չ. Այթմատովի դիմանկարը» (1982): Աբեղյանի գրաֆիկային, մասնավորապես լինոփորագրություններին հատուկ են մոնումենտալությունն ու արտահայտչականությունը («Սևանա կղզին», 1959, Ա.Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա, «Հայկական բնանկար», 1975 ևն):


Աղբյուրը՝ «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 12:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armeniaculture.am